09 10 2020

Կարգավորման նոր փաթեթի հրամայականը. Ադրբեջանը պետք է վճարի ամեն ինչի համար. Yerkir.am

Կարգավորման նոր փաթեթի հրամայականը. Ադրբեջանը պետք է վճարի ամեն ինչի համար. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

Ռազմական հաղթանակը անհրաժեշտ է ամրագրել քաղաքական և դիվանագիտական հաղթանակով՝ արժանի լինելով զինվորների թափած արյանը

Դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ Թուրքիան կարագացնի գործընթացները տարածաշրջանում, իսկ պատերազմի հենց սկզբից պարզ դարձավ, որ նույնիսկ պատրաստ է զոհաբերել փոքր եղբորը` հանուն սեփական մեծ գաղափարների։ Այո, ինչպես նշել էինք, Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն կարողացել և չեն կարողանա մարտի դաշտում հասնել առավելության Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ։ Փոխարենը թուրք-ադրբեջանական զույգին մշտապես հաջողվել է Հայաստանին պարտադրել իրենց ցանկալի արդյունքը քաղաքական և դիվանագիտական ասպարեզում։ Դա եղել է թե՛ Առաջին Հանրապետության տարիներին, թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ Անկախության ձեռք բերումից հետո։

Այս անգամ նույնպես հաղթական Հայոց բանակը լավագույնս լուծելու է իր առջև դրված ռազմական խնդիրները։ Սակայն մեր զինվորների թափած արյունը, նրանց կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունն ու հաղթանակը հերթական անգամ կարիք են զգալու դիվանագիտական ամրագրման։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունակ լինի որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու արտաքին քաղաքական աշխատանքը և ներկայանա աշխարհին որպես հաղթող պետություն՝ խնդրի կարգավորման սեփական բանաձևով։ Ընդ որում` կարևոր է արձանագրել, որ պատերազմական այս փուլը տալիս է այդ հնարավորությունը ավելի լավ, քան նախկինում։

Անկախության ձեռք բերումից հետո վարվող «համեստ» դիվանագիտական քաղաքականությունը պետք է վերածվի հավակնոտ, վճռական և համոզիչ քաղաքականության։ Աշխարհը չունի խնդրի լուծման որևէ բանաձև,  իսկ Հայաստանն այսօր ունի առավելություն։

Կարծես հասկացել են բոլորը՝ նախկինում առաջարկվող կարգավորման մոդելն անիմաստ է և անարդյունավետ, իսկ նորը չկա։ Դրա լավագույն ապացույցը ընթացող պատերազմն է։ Եվ կարիք չկա մեզ մնալ անպտուղ կարծրատիպերի գերի։ Համեստ և զուսպ փոքր գործընկերոջից Հայաստանը պետք է վերածվի տարածաշրջանային թելադրող գործոնի և նախկին մեռելածին գաղափարների անիմաստ կրկնության փոխարեն ներկայացնի կարգավորման սեփական մոդելը։ Պատերազմն ունի սեփական օրենքները,  և թե՛ հաղթողները, թե՛ պարտվողները պարտավոր են ենթարկվել որոշակի գրված ու չգրված կանոնների՝ պատրաստ լինելով կոնկրետ հետևանքների։

Խնդրի կարգավորումը չի կարող ամբողջական լինել, եթե չի նախատեսում հատուցում, պատիժներ, սանկցիաներ և երաշխիքներ։ Չի կարելի խնդիրը համարել կարգավորված, եթե Ադրբեջանը նավթարդյունաբերությունից ստացած եկամուտները ուղղելու է պատերազմին, հարստանալուն, զինվելուն և քանդելու է Հայոց աշխարհը, իսկ վերականգնումն իրականացվելու է տուժող կողմի հաշվին։ Նման կարգավորումը նոնսենս է։

Արցախյան խնդրի կարգավորումը չպետք է սահմանափակվի միայն տարածքների կամ կարգավիճակի քննարկմամբ։ Հայաստանը պետք է ներկայացնի ամբողջական կարգավորման հետևյալ պայմանները:

1 Կարգավիճակ և տարածքային խնդիրներ

1.1. Արցախի և Ադրբեջանի միջև իրականացվում է միայն սահմանների ճշտում (դեմարկացիա)՝  դա որևէ կերպ չկապելով նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում արհեստականորեն գծված վարչական շրջանների հետ (որոնք, ի դեպ, հենց ԽՍՀՄ տարիներին մշտապես փոխվել են՝ փոքրացնելով Լեռնային Ղարաբաղը և կտրելով այն Հայաստանից)։

1.2. Արցախի հետագա կարգավիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կնքվող համաձայնագրով, նախատեսելով ինտեգրման (միացման) անցումային միջոցառումներ որոշակի կարճ ժամանակահատվածի համար։

  1. Ռազմական խնդիրներ

2.1. Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչվում և դատապարտվում է որպես բազմակի անգամ ագրեսիա իրականացրած և մարտական գործողություններ սկսած պետություն, որը վտանգում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

2.2. Որպես զինված բախումներ և պատերազմ հրահրող ու իրականացնող պետություն` Ադրբեջանի նկատմամբ սահմանվում են ռազմականացման սահմանափակումներ, այդ թվում՝ զենքի և որոշ սարքավորումների մատակարարման վերաբերյալ, իսկ Ադրբեջանին թույլատրվում է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ զինված ուժեր։

2.3. Նախիջևանում արգելվում է այլ պետությունների ռազմական ուժերի ներկայությունը։

2.4. Ադրբեջանը հրաժարվում է ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության քարոզչությունից։

  1. Ֆինանսական հատուցման խնդիրներ

3.1. Ձևավորվում է Արցախի վերականգնման հիմնադրամ. Ադրբեջանը վճարում է հատուցում (կոնտրիբուցիա) իր կողմից հասցված ահռելի մարդկային, նյութական, բարոյական վնասների համար։ Այդ հիմնադրամը ձևավորվում է դոնոր պետությունների (այդ թվում՝ Մինսկի խմբի անդամների) կողմից, ինչպես նաև Ադրբեջանի՝ նավթագազային արդյունաբերությունից ստացված եկամուտներից։

3.2. Հիմնադրամի գումարները ուղղվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախին ավելի քանի 30 տարվա ընթացքում պատճառված ահռելի վնասի վերականգնման, պետության ու ժողովրդի կորուստների, ինչպես նաև Ադրբեջանից և Արցախից հայ փախստականների կրած նյութական վնասների հատուցմանը։

3.3. Սահմանվում է Ադրբեջանի պետական բյուջեում ռազմական ծախսերի առավելագույն չափը, իսկ Ադրբեջանը ստանձնում է պարտավորություն` լուծել ադրբեջանցի փախստականների սոցիալական խնդիրները և իր ֆինանսական միջոցներն ուղղել ներքին սոցիալական խնդիրների ու ժողովրդավարության հաստատմանը, այլ  ոչ թե ռազմական ծախսերին։

  1. Միջազգային իրավունքի այլ խնդիրներ

4.1. Միջազգային քրեական դատարանը (տրիբունալը) հետաքննում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ահաբեկչության խրախուսման և այլ միջազգային հանցագործություների կատարման դեպքերը, ներառյալ`

- խաղաղ բնակչության և խաղաղ բնակավայրերի հրետակոծումը, որն առաջացրել է բազմաթիվ զոհեր և հասցրել հսկայական նյութական վնաս,

- ռազմական նշանակություն չունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի շենքերի, դպրոցների, առանձնատների, մշակութային և կրոնական կառույցների և այլն հրետակոծումը,

- իրենց լրագրողական գործունեությունն իրականացնող տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղղությամբ կրակելն ու հրետակոծելը:

4.2. Թուրքիայի Հանրապետության նկատմամբ կիրառվում են միջազգային պատժամիջոցներ` որպես պատերազմը հրահրող և անուղղակիորեն մասնակից պետություն։ Նախատեսվում են սահմանափակումներ զենքի և զինամթերքի մատակարարումների վերաբերյալ։

Այսպիսով` Ղարաբաղյան կարգավորումը պետք է դառնա հենց այն Նյուրնբերգյան դատավարության  նախաբանը, որին շուտով արժանանալու է Թուրքիան։

Հայաստանը դեռ ունի մի քանի օր` պատրաստվելու և առաջարկությունների նոր փաթեթով միջնորդներին ներկայանալու համար։ Եթե Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ չկարողանա դիվանագիտական ասպարեզում ամրագրել Հայոց բանակի հաղթանակները, ապա հայ ժողովուրդը որոշ ժամանակ անց կրկին հայտնվելու է նոր պատերազմի և նոր ցեղասպանության վտանգի առջև։

Քաղաքական վերնախավը պարտավոր է արժանի լինել մեր ազգին և զինվորների թափած արյանը ու վերջնական ամրագրել տղաների կյանքի գնով վաստակված այդքան թանկ խաղաղությունը։

Արա Նռանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ